Համաշխարհային հայկական գագաթնաժողով

Համաշխարհային հայկական գագաթնաժողով

Այսօր ուզում ենք պատմել Համաշխարհային հայկական գագաթնաժողովի մասին, որին մեր հիմնադրամի նախագահ Ելենա Հակոբյանը  մասնակցել է՝ «Սփյուռքը առողջապահության և սոցիալական ապահովության ոլորտում» քննարկման շրջանակներում:

Հոկտեմբերի 28-ից 31-ը Երևանում տեղի ունեցավ Համաշխարհային հայկական գագաթնաժողովը։ Այն կազմակերպել էր Հայաստանի Հանրապետության սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը։

Գագաթնաժողովը հարթակ դարձավ Սփյուռքի ներկայացուցիչների և տեղի հայ մասնագետների համար՝ քննարկելու մարտահրավերներն ու համընդհանուր կարևորություն ունեցող խնդիրները։

Գագաթնաժողովի օրակարգում ներառված էին հետևյալ թեմաները՝ ազգային անվտանգություն, Հայաստանի շահերի պաշտպանություն, հայրենիքի ռազմավարական տարածքների զարգացում, հայրենադարձություն, ներդրումների ներգրավում, հայկական շահերի պաշտպանություն, առողջապահություն, բնակչության սոցիալական պաշտպանություն, սփյուռքի ինքնակազմակերպում։

Գագաթնաժողովին մասնակցում էին շուրջ 600 մասնակիցներ ավելի քան 50 երկրներից, ինչպես նաև Հայաստանից և Արցախից, որոնք ներկայացնում էին հասարակական կառույցներ, գիտական, մասնագիտական, բիզնես, ուսանողական և երիտասարդական կազմակերպություններ։ Շնորհակալություն հնարավորության և նման լայնածավալ նախագիծ կազմակերպելու համար։

Մեզ համար մեծ պատիվ էր լինել մասնակիցն ու հյուրը այս միջոցառման: Իսկ ամենամեծ արժեքը մասնակից մարդիկ են։ Մարդիկ, ովքեր եղել են գագաթնաժողովում,  ովքեր փոխում են կյանքեր, ովքեր կարող են և անում են ամեն ինչ՝ ավելի լավը դարձնելու Հայաստանն ու Արցախը։ Մարդիկ, ովքեր պատրաստ են հրաժարվել ամեն ինչից և տեղափոխվել հայրենիք՝ օգնելու հզորացնել Հայաստանն ու Արցախը։ Մարդիկ, ովքեր սրտանց աջակցում են Հայաստանին ու Արցախին,  անշուշտ, մեծ աշխատանք են կատարում՝ ապրելով նույնիսկ այլ երկրներում:

Մենք անասելի ուրախ էինք տեսնել շատ ծանոթ դեմքեր՝ մարդիկ, ովքեր լավ փոփոխությունների առաջամարտիկներն են։ Վստահ ենք, որ միասին շատ բան կարող ենք անել հայրենիքի համար։ Մենք արել ենք, անում ենք և կանենք։