
10-ամյա Վիկտորյան «Արեգնազան» կրթահամալիրի սան է։ Նա ստեղծագործ և բազմաշնորհ աղջնակ է, ով սիրում է նկարել, զբաղվել կավագործությամբ, սրինգ նվագել, իսկ տանը՝ մեծ հոգատարությամբ խնամել իր փոքրիկ ընտանի մկնիկին։
Սակայն այս գեղեցիկ զբաղմունքներին զուգահեռ Վիկտորյան դեռ ծննդյան օրվանից ստիպված էեղել պայքարել տեսողության լուրջ խնդիրների դեմ։ Նրա մոտ ախտորոշվել են երկու աչքի շլություն, աստիգմատիզմ և ամբլիոպիա։ Մոսկվայի «Ясный взор» կլինիկայում անցկացված մանրակրկիտ հետազոտություններից հետո պարզ է դարձել, որ աղջնակին անհրաժեշտ են շարունակական բուժում և մի շարք բժշկական միջամտություններ։
Մեր հոգատար նվիրատուների աջակցության և IMAST app-ի հետ արդյունավետ համագործակցության շնորհիվ Վիկտորյան անցել է մի շարք վիրահատություններ և բուժման փուլեր, որոնք արդեն, իսկ արձանագրել են հուսադրող արդյունքներ՝ նրան ևս մեկ քայլ մոտեցնելով լավ տեսողություն ունենալու երազանքին։
Բուժման մեկնարկից առաջ Վիկտորյայի տեսողությունը զգալիորեն սահմանափակված էր։ Առաջին միջամտությունից հետո աջ աչքի տեսողությունը բարելավվել էր՝ հասնելով 30%-ի, իսկ ձախ աչքինը՝ 70%-ի։ Այսօր՝ բուժման հինգերորդ հերթական փուլի ավարտին, աջ աչքի տեսողությունը հասել է 55%-ի, իսկ ձախ աչքի տեսողությունը կայուն պահպանվում է 90%-ի մակարդակում։
Բուժման հինգերորդ փուլի արժեքը կազմել է 1,159,690 ՀՀ դրամ։ IMAST app-ի հետ արդյունավետ համագործակցության և բոլորի նվիրաբերությունների շնորհիվ մեզ հաջողվել է ամբողջությամբ հավաքագրել անհրաժեշտ գումարը։
Մեր խորին շնորհակալությունն ենք հայտնում IMAST app-ին և բոլոր սրտացավ նվիրատուներին ու աջակիցներին։ Ձեր վստահությունը, հոգատարությունն ու նվիրաբերությունները լույս են պարգևում Վիկտորյայի աշխարհին՝ օգնելով նրան ավելի վստահ ու լավատեսությամբ նայել ապագային։
Յուրաքանչյուր նվիրաբերություն կարող է փոխել մի ամբողջ կյանք։ Միասին մենք կարող ենք իրականություն դարձնել երազանքներ և հրաշքներ գործել։