«Շտապիր դեպի բարին» հիմնադրամ

Շուշանի պատմությունը՝ գեղեցիկ ավարտ ձեր և IMAST app-ի համայնքի շնորհիվ

Մի քանի շաբաթ առաջ մենք սկսեցինք դրամահավաք IMAST հավելվածի միջոցով՝ 14-ամյա Շուշանի բուժման նպատակով: Շուշանը դեռ մանկուց պայքարում է ողնաշարի լուրջ թեքության դեմ։ Չնայած տարիներ շարունակ կրել է օրթոպեդիկ կորսետներ և ենթարկվել է մի քանի բարդ վիրահատությունների՝ նրա առողջ ապագայի համար անհրաժեշտ էր վերջին, որոշիչ վիրահատությունը։

Վիրահատությունը՝ հատուկ իմպլանտների տեղադրմամբ, նախատեսված էր մարտի 24-ին, արտասահմանյան մասնագետների մասնակցությամբ։ Ընդհանուր արժեքը կազմել էր 1,355,000 ՀՀ դրամ, ինչը Շուշանի ընտանիքի հնարավորություններից վեր էր։

IMAST app-ի աջակցությամբ մենք սկսեցինք դրամահավաքը, և արձագանքը անչափ ջերմ էր։ Դրամահավաքի ընթացքում մի մեծահոգի նվիրատու հանդես եկավ և ամբողջությամբ ֆինանսավորեց Շուշանի վիրահատությունը։

Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ Շուշանի վիրահատությունն արդեն կատարվել է, այն անցել է հաջող, և նա իրեն լավ է զգում։ Սա կարևոր քայլ էր նրա ապաքինման և լիարժեք կյանքի ճանապարհին։

Այս մարդասիրական քայլը նշանակում է, որ Շուշանը ստացավ անհրաժեշտ բուժումը՝ առանց ընտանիքի վրա ծանր ֆինանսական բեռի։

IMAST app-ի հետ միասին հավաքված բոլոր նվիրատվությունները կուղղվեն մեկ այլ երեխայի օգնությանը, ով շտապ բուժման կարիք ունի։

Մենք սրտանց շնորհակալ ենք բոլորին, ովքեր աջակցեցին այս նախաձեռնությանը՝ լինի այն նվիրատվության կամ տարածման միջոցով։ Ձեր հոգատարությունը ոչ միայն փոխեց Շուշանի կյանքը, այլ այժմ կփրկի նաև մեկ այլ երեխայի կյանք:

Կիսվել։