«Շտապիր դեպի բարին» հիմնադրամ

«Սուրբ Հարություն» Կրթական կենտրոն

Համատեղ ջանքեր՝ ի շահ Հայաստանում կրթության որակի բարելավման

Շիրակի մարզի Ազատան համայնքում գործում է «Սուրբ Հարություն» Կրթական կենտրոնը, որն իր շուրջ է համախմբում ոչ միայն Ազատանի, այլ նաև ևս 8 բնակավայրերի 4 տարեկանից բարձր տարբեր տարիքային խմբի ավելի քան 200 անձանց։

Շիրակի թեմի, համայնքի, մի շարք բարերարների ու անհատների մեծ ու փոքր ներդրումների շնորհիվ կենտրոնն այսօր ծառայում է բոլորին՝ տալով հատկապես դեռահասներին ու երիտասարդներին մասնագիտական կողմնորոշման լայն հնարավորություն և աջակցելով ձևավորել ազգային և հոգևոր արժեհամակարգ։ Կենտրոնում կազմակերպվում են «Կիրակնօրյա դպրոց»-ի դասընթացներ, գրքի և ֆիլմերի քննարկումներ, կարուձևի դասընթացներ, անգլերենի ուսուցման խմբեր, համակարգչային ծրագրերի ուսուցման պարապմունքներ, հայոց լեզվի ու հայոց պատմության դասեր, տարբեր թեմաների շուրջ հանդիպում-քննարկումներ ամենատարբեր ոլորտների ներկայացուցիչների հետ, հայագիտական ճամփորդություններ և այլն։ Կենտրոնում գործում է «Գործք Ձեռաց» նախաձեռնությունը , որի մասնակից երեխաները մասնակցում են տարբեր դասընթացների և ստեղծում են տարբեր ձեռագործ աշխատանքներ։ Այժմ նախատեսվում է նախաձեռնությունը վերածել սոցիալական ձեռներեցության։

«Շտապիր դեպի բարին» հիմնադրամի և VIWA-ի համագործակցության շնորհիվ վերանորոգվել է կենտրոնի 2 սենյակ։ Ուրախ ենք տեղեկացնել, որ վերջերս «Սուրբ Հարություն» կրթական կենտրոնը՝ «Շտապիր դեպի բարին» հիմնադրամի և «Սերգեյ Ասլանյան» հիմնադրամի համագործակցության շնորհիվ ու նվիրաբերությամբ համալրվել է նաև 3 նոր կարի մեքենաներով, որոնք հնարավորություն է ընձեռում կենտրոնին իր գործունեության շրջանակը ընդլայնել և ավելի շատ թվով դեռահասների, երիտասարդների և այլ տարիքային խմբի անձանց ներառել կարուձևի ուսուցման ծրագրերում և նախաձեռնություններում։

Լրացուցիչ կրթությունը առանցքային դեր է խաղում երեխաների կյանքում: Այն ոչ միայն զարգացնում է ստեղծագործական և մասնագիտական ​​հմտությունները, այլ նաև ձևավորում է ինքնավստահություն, ընդլայնում է հորիզոնները և բացում նոր հեռանկարներ: Մենք կարծում ենք, որ նման նախաձեռնություններն օգնում են նոր սերնդի համար պայծառ ապագա ստեղծել։

Շնորհակալություն ենք հայտնում բոլոր նրանց, ովքեր մասնակցել են այս նախագծին: Միասին մենք կարող ենք ավելին անել:

 

 

 

Կիսվել։