Օգնենք Գագիկին. վիրահատություն և հույս

Օգնենք Գագիկին. վիրահատություն և հույս

Տեսնու՞մ եք՝ ինչքան սեր և հոգատարություն կա այս լուսանկարում։

Ուզում ենք պատմել 9 տարեկան Գագիկի մասին։Ճակատագրի բերումով նա մեծացել է իր տարիքից շուտ՝ հասցրել է պատերազմ տեսնել, հիվանդություն ու ծանր կյանք։ Մայրիկ, երկու եղբայր, սեր և հավատք, ահա այն ամենը, ինչ նա ունի հիմա։

Քանի որ արցախյան վերջին պատերազմի ժամանակ կորցրել են այն ամենը, ինչ ունեին, նա և իր եղբայրները ժամանակավորապես ապրում են Սոս գյուղի մանկական քաղաքում։ Թեև չկա տուն, որտեղ ընտանիքը տեղափոխվի և վերամիավորվի, մայրիկն ամեն օր այցելում է նրանց և շատ ժամանակ է անցկացնում տղաների հետ: Չնայած բոլոր դժվարություններին, Գագիկը գերազանցությամբ սովորող աշակերտ է, շախմատի չեմպիոն։ Նա երազում է սպորտով զբաղվել և շատ է սիրում կարատե։

Գագիկի մոտ ախտորոշվել է ստորին վերջույթի երակային-զարկերակային հեմանգիոմա, որի համար ցուցված է երկրորդ վիրաբուժական բուժումը՝ հեմանգիոմայի հեռացում։ Ընտանիքի համար բուժման ծախսերը անհասանելի են, այդ իսկ պատճառով դիմում ենք ձեզ՝ մեր հավատարիմ ընկերների-դոնորների օգնությանը, վիրահատության համար 350.000 դրամը արագ հավաքելու մտադրությամբ։ Գումարը փոքր է, բայց ընտանիքի համար այն հսկայական ֆինանսական խնդիր է առաջացնում։

Մեր սիրելի՛ ընկերներ, շնորհակալ ենք ձեզանից յուրաքանչյուրին անհավանական աջակցության համար: Ձեր առատաձեռնության և բարության շնորհիվ մենք արդեն հավաքել ենք Գագիկի բուժման համար անհրաժեշտ գումարը։ Սա իսկապես կարևոր և արժեքավոր է: Մենք չէինք կարող հասնել դրան առանց ձեզ: Ձեր բարի սիրտը մեր աշխարհն ավելի առողջ ու երջանիկ է դարձնում։ Շնորհակալ ենք բարության և բարի գործերի հանդեպ ձեր հավատի համար։