
Կարևոր քայլ՝ Ստելլայի առողջության ճանապարհին
8-ամյա Ստելլան չափազանց տաղանդավոր, վառ ու կյանքով լի աղջնակ է, ով անսահման սիրում է պարել, երաժշտություն լսել և հիանալի նկարում է։
Սակայն իր բոլոր նախասիրությունների կողքին Ստելլան ստիպված է ամեն օր հաղթահարել առողջական ծանր փորձություններ․ նրա մոտ ախտորոշված է կենտրոնական նյարդային համակարգի զարգացման արատ, ողնաշարի կիֆո-սկոլիոտիկ դեֆորմացիա (խորացված սկոլյոզ), Th12-L1 դիաստեմատոմիելիա, ստորին պարապարեզ և պարահիպեսթեզիա։
Այս փուլում Ստելլային անհրաժեշտ էր՝ TLSO կրծքագոտկասրբանային օրթեզ՝ սեղմիրան և DAFO սրունք-թաթային դինամիկ օրթեզ։
IMAST app-ի հետ համագործակցության և հաջողված դրամահավաքի շնորհիվ հավաքվեց պահանջվող 340 000 ՀՀ դրամը, ինչի արդյունքում Ստելլայի համար ձեռք բերվեցին կարևոր նշանակություն ունեցող օրթեզները։
Ուրախ ենք տեղեկացնել, որ Ստելլան արդեն ունի անհրաժեշտ օրթեզները։ Դրանք ապահովում են անհրաժեշտ աջակցություն, հեշտացնում նրա առօրյան և օգնում ավելի հարմարավետ տեղաշարժվել։ Այժմ փոքրիկը պատրաստվում է բուժման հաջորդ՝ կարևոր փուլին․ առաջիկա օրերին նախատեսվում է վիրահատություն, որը նրա առողջության վերականգնման ճանապարհին նշանակալի քայլ է լինելու։Շնորհակալություն ենք հայտնում IMAST app-ին և մեր բոլոր աջակիցներին: Ձեր հոգատարության ու վստահության շնորհիվ Ստելլան այս դժվարին ճանապարհին մենակ չէ։