Օգնենք Արամին առողջության իր ճանապարհին

Օգնենք Արամին առողջության իր ճանապարհին

Հաշվի առնելով, որ այս պահին մեր ողջ գործունեությունն ուղղված է Արցախից բռնի տեղահանվածներին օգնելուն և համակողմանի աջակցություն ցուցաբերելուն, մենք չենք մոռանում փոքրիկներին աջակցելու մեր հիմնական առաքելությունը:

Նման ժամանակներում մենք ցանկանում ենք կիսվել ձեզ հետ մեր փոքրիկ հաղթանակներով: Հիշու՞մ եք սարոյանական գրքերի մեր հերոս Արամին. երիտասարդը, ում մանկուց ախտորոշել են բազմաթիվ ողնաշարային անոմալիաներով բնածին աջակողմյան կրծքագոտկային 4-րդ աստիճանի սկոլիոզ, ամբողջ կյանքում պայքարել է, չհուսահատվել, բժիշկները հույս են տվել, բայց մնացել է նշանակալի քայլը՝ վիրահատությունը։
Մենք ձեզ խոստացանք, որ նրա համար նոր «հույս»-ի ուղի է սկսվելու։

Խոստացանք և արեցինք! Հազարավոր սրտացավ մարդկանց, աջակցությունների, վերահրապարակումների և իրազեկվածության բարձրացման շնորհիվ մենք հավաքեցինք անհրաժեշտ միջոցները վիրահատության համար և այժմ կարող ենք կիսվել ձեզ հետ արդյունքներով։

Մենք միշտ խոսում ենք հրաշքների մասին, և հիմա կհասկանաք, թե ինչու։
Վիրահատությունը տեղի ունեցավ, այն շատ բարդ ու երկար էր, բայց ամեն ինչ լավ անցավ, նույնիսկ բժիշկը զարմացավ։
Արամի վիճակն այժմ կայուն է, հետվիրահատական ցավեր կան, բայց կարևորը հիմնական վիրահատությունը լավ է անցել։
Եվ այս ամենը իրականացավ մեր հավաքական ջանքերով, պատկերացնու՞մ եք։
Թող մեր աշխատանքում այս կարևոր քայլը հույս տա ոչ միայն Արամին, այլև բոլոր նրանց, ովքեր այս պահին դժվարությունների են հանդիպում։

Հրաշքը կատարվեց։
Միասնությունը կատարվեց։
Հույսը կատարվեց։