
Արամի ճանապարհը եղել է ցավի, ուժի և հույսի պատմություն։ Եվ այսօր մենք ուրախ ենք տեղեկացնել, որ նա արդեն անցել է այն կարևոր վիրահատությունը, որի անհրաժեշտությունը խիստ կարևոր էր և շտապ։
Մի քանի ամիս առաջ մենք ձեզ պատմեցինք Արամի մասին՝ համառ և ուժեղ մի տղայի, ով ապրում է ողնաշարի լուրջ խնդրով։ Այդ խնդիրը սահմանափակում էր նրա շարժունակությունը, բայց երբեք չէր կոտրում նրա ոգին։ Տարիներ շարունակ պայքարելով՝ Արամը մնացել է լի կյանքի հանդեպ սիրով և վճռականությամբ։ Երկու տարի առաջ նա արդեն վիրահատվել էր, սակայն բուժումն ամբողջական չէր եղել, և 2023 թվականի վերջին նրա վիճակը վատթարացավ։ Սկսվեցին ուժեղ ցավեր, թուլություն և քայլելու դժվարություններ առաջացան։
2025 թվականի մարտի 28-ին՝ ձեր աջակցությամբ Արամը հաջողությամբ անցավ իր հերթական և կարևոր վիրահատությունը։ Վիրահատության ընթացքում կատարվեց՝ ձախ L5, S1 պտուտակների ռեպոզիցիա, մետաղական ձողի փոխարինում, կոնքի դեֆորմացիայի հարաբերական ուղղում։ Ներկայումս Արամը շարունակում է գտնվել բժիշկների հսկողության տակ։ Չնայած ցավերը դեռ պահպանվում են, այս վիրահատությունը դարձավ վերականգնման վճռորոշ փուլ։
Ժամանակի, վերականգնողական բուժման և հետևողական խնամքի շնորհիվ հույս ունենք, որ նա շուտով կվերականգնի իր շարժունակությունը և կազատվի ցավերից։ Այս ամենը հնարավոր դարձավ ձեր շնորհիվ, ինչպես նաև մեր վստահելի գործընկեր IMAST app-ի, որի հետ համագործակցությամբ իրականացվեց դրամահավաքը։
Շնորհակալ ենք աջակցության և համագործակցության համար, Արամի ընտանիքին հույս ու նոր հնարավորություն պարգևելու համար։ Ձեր նվիրաբերությունները պարզապես բուժում չէին. դրանք դարձան ուժ, հավատ և երկրորդ հնարավորություն մի փոքրիկ, բայց անվախ հերոսի համար։ Մենք շարունակելու ենք տեղեկացնել Արամի առողջացման ընթացքի մասին։ Խնդրում ենք շարունակեք ձեր ջերմ մաղթանքները ուղարկել նրան։