«Շտապիր դեպի բարին» հիմնադրամ

Հուսադրող նորություններ Գոռի առողջության վերաբերյալ

Մեր համայնքի անսահման բարության և IMAST հավելվածի հետ արդյունավետ համագործակցության շնորհիվ Ստեփանակերտից երկու տարեկան Գոռ Գադյանը արդեն ստանում է իր կյանքի համար անհրաժեշտ բժշկական օգնությունը։ Մեզ հաջողվեց համատեղ ջանքերով հավաքել անհրաժեշտ գումարը՝ 350,000 ՀՀ դրամ՝ Գոռի գենետիկական հետազոտությունների համար, որոնք կարևոր էին նրա առողջական ծանր վիճակը հասկանալու համար։

Ինչպես շատերդ արդեն գիտեք, Գոռի առողջական խնդիրները սկսվել են դեռ 7 ամսականից։ Նա պարբերաբար տարել է վարակներ՝ որոշակի առոջղական բարդություններով, այդ թվում՝ թոքաբորբ, Կավասակիի հիվանդություն, լեյշմանիոզ և այլն։ Այս ամիսների ընթացքում Գոռը բազմիցս հոսպիտալացվել է, ստացել է ֆինանսական ծանրություն առաջացնող բուժում՝ ներառյալ Octagam թերապիա, հակաբակտերիալ դեղորայք և արյան փոխներարկում՝ «Wigmore» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում։

Վերջերս կատարված գենետիկական հետազոտությունների արդյունքները հնարավորություն ընձեռեցին բժիշկներին մշակել անհատականացված բուժման պլան՝ համապատասխան Գոռի առողջական վիճակին։ Այս ամենը հնարավոր չէր լինի առանց ձեր աջակցության․ անհրաժեշտ ախտորոշումներն ու վերլուծությունները Գոռի ընտանիքը չէր կարող ինքնուրույն ֆինանսավորել։

Թեև Գոռը դեռ վերականգնման սկզբնական փուլում է, արդեն նկատվում են դրական տեղաշարժեր, որոնք հույս են ներշնչում թե՛ նրա ընտանիքին, թե՛ բուժող բժիշկներին։ Բուժումն առայժմ շարունակվում է, և Գոռը դեռևս կարիք ունի երկարատև և մասնագիտացված բժշկական հսկողության։ Ձեր շարունակական աջակցությունը չափազանց կարևոր է։

Ձեր յուրաքանչյուր նվիրատվությունն ազդեցություն ունեցավ․ այն օգնեց Գոռին հաղթահարել ամենադժվար փուլերը և մեկ քայլով մոտեցրեց նրան առողջ ու երջանիկ մանկությանը, որը նա լիովին արժանի է ունենալ։

Սրտանց շնորհակալություն ենք հայտնում IMAST հավելվածին՝ արդյունավետ համագործակցության համար, ինչպես նաև բոլոր նրանց, ովքեր նվիրաբերեցին, տարածեցին Գոռի պատմությունը և աջակցեցին այս դժվարին փուլում։

Կիսվել։