Skip to main content

«Շտապիր դեպի բարին» հիմնադրամ

Մարիանայի առողջ ապագայի ճանապարհը` ձեր աջակցության շնորհիվ

12-ամյա Մարիանան սովորում է յոթերորդ դասարանում։ Նա անչափ բարի ու ընկերասեր աղջիկ է, ով երազում է դառնալ բուժքույր:

Մարիանան սիրում է գրքեր կարդալ, ասեղնագործել և, հատկապես, պարել։ Նրա ամենամեծ երազանքներից է հայկական ազգային պարերին ազատորեն տիրապետելը, սակայն առողջական խնդիրները դեռևս խոչընդոտում են այդ երազանքի իրականացմանը։

Մարիանայի հիմնական ախտորոշումն ախոնդրոպլազիան է։ Իր կյանքի ընթացքում նա հաղթահարել է բազմաթիվ դժվարություններ․ ուշ է սկսել քայլել ու խոսել, 14 անգամ անզգայացման միջով է անցել և ենթարկվել մի շարք բարդ վիրահատությունների, այդ թվում՝ մեծ ծոծրակային անցքի ստենոզի, քիթ-կոկորդի խնդիրների և վերջույթների երկարացման հետ կապված միջամտությունների։

Ոսկրերի երկարացման երկարատև ու բարդ բուժումը Մարիանայից պահանջել է մեծ համբերություն և տոկունություն։ Բուժման տարբեր փուլերում երկարացվել են նրա սրունքները 8 սմ-ով, բազուկները՝ 8 սմ-ով, իսկ վերջին փուլում նաև ազդրերը՝ 9 սմ-ով։

Վերջին վիրահատությունից հետո Մարիանայի աջ ազդոսկրի շրջանում կոտրվածք է առաջացել, ինչի հետևանքով անհրաժեշտ է եղել լրացուցիչ վիրահատական միջամտություն։

Վիրահատության համար անհրաժեշտ 1,500,000 ՀՀ դրամը հնարավոր եղավ ամբողջությամբ հավաքագրել բարի մարդկանց նվիրատվությունների և մեր սիրելի գործընկեր IMAST app-ի հետ համագործակցության շնորհիվ։ Վիրահատության ընթացքում տեղադրվել են նաև ֆիքսատորներ, որոնց հեռացման հնարավորությունն ու ժամկետները պետք է որոշվեն նոյեմբերին նախատեսված հետազոտությունների արդյունքների հիման վրա։

Ներկայումս Մարիանան գտնվում է բժիշկների հսկողության ներքո և սպասում է բուժման հաջորդ փուլին՝ ֆիքսատորների հեռացմանը։

Նա շարունակում է առաջ շարժվել՝ դրսևորելով մեծ կամքի ուժ, համբերություն և հավատ իր երազանքների նկատմամբ։

Խորին շնորհակալություն ենք հայտնում IMAST app-ին և բոլոր նվիրատուներին, ովքեր միացան դրամահավաքին և իրենց ներդրումն ունեցան Մարիանային աջակցելու գործում։ Ձեր հոգատարության և աջակցության շնորհիվ ապահովվեց վիրահատության համար անհրաժեշտ  ֆինանսավորումը և օգնել Մարիանային ևս մեկ քայլ կատարել դեպի առողջ ապագա։

Կիսվել։