
Ուրախ ենք ձեզ հետ կիսվել Անիի առողջական վիճակի մասին կարևոր նորություններով
Անիի մոտ հայտնաբերվել էր ողնաշարի կրծքային և գոտկային հատվածների իդիոպաթիկ սկոլիոզ։ Հիվանդության հետևանքով առաջացած ողնաշարի դեֆորմացիան լուրջ վտանգ էր ներկայացնում երեխայի շարժունակության համար:
Անին կանգնած էր լուրջ առողջական խնդրի առաջ․ կար վտանգ, որ նա կարող էր կորցնել քայլելու և ինքնուրույն տեղաշարժվելու կարողությունը։
Նրան անհրաժեշտ էր բարդ և կենսական նշանակություն ունեցող վիրահատություն, որի իրականացումը հնարավոր դարձավ ընտանիքի ջանքերի շնորհիվ։
Վիրահատությունը բարեհաջող անցավ, սակայն Անիին առջևում դեռ երկար վերականգնողական ճանապարհ էր սպասվում։ Նրա առողջական վիճակի բարելավմանն ու լիարժեք վերականգնմանը նպաստելու նպատակով մենք նախաձեռնեցինք դրամահավաք՝ անհրաժեշտ վերականգնողական թերապիաների իրականացման համար։
Դրամահավաքի արդյունքում հավաքագրվել է վերականգնողական բուժման համար անհրաժեշտ 560,000 ՀՀ դրամը։
Հավաքված միջոցների շնորհիվ Անին անցել է հետվիրահատական վերականգնողական կինեզիոթերապիայի 36 կուրս և ստացել մասնագիտական խորհրդատվություն։
Այսօր, Անիի հայրիկի փոխանցմամբ, Անին իրեն լավ է զգում և գտնվում է բժշկի մշտական վերահսկողության ներքո։ Նա շարունակում է պարբերաբար անցնել անհրաժեշտ վերականգնողական թերապիաները՝ իր առողջական վիճակին համապատասխան։
Անիի համար դրամահավաքն իրականացվել է «Շտապիր դեպի բարին» բարեգործական հիմնադրամի և IMAST app-ի համագործակցությամբ։ Այս համագործակցության շնորհիվ հնարավոր է դարձել համախմբել մարդկանց մեկ կարևոր նպատակի շուրջ և աջակցել երեխային առողջական դժվարությունների հաղթահարման ճանապարհին։
Շնորհակալ ենք IMAST app-ին՝ համագործակցության, իսկ բոլոր նվիրատուներին՝ վստահության, հոգատարության և ցուցաբերած աջակցության համար։ Ձեր յուրաքանչյուր ներդրում կարևոր է և կարող է փոխել երեխայի կյանքի ընթացքը։
