
Դավիթի առողջական վիճակի մասին լավ նորություններ
Ուրախ ենք ձեզ հետ կիսվել Դավիթի առողջական վիճակի մասին նորություններով։
Նորածնային շրջանում Դավիթի մոտ արձանագրվել էին կերակրման դժվարություններ։ Առողջական խնդիրների հիմնական պատճառները պարզելու և դրանց հիմքում ընկած հնարավոր գենետիկական առանձնահատկությունները բացահայտելու նպատակով Դավիթին անհրաժեշտ էր անցնել գենետիկական հետազոտություն (Genetic Testing – WGS)։
Հետազոտության իրականացման համար անհրաժեշտ միջոցները հավաքագրելու նպատակով նախաձեռնեցինք դրամահավաք։ Ուրախ ենք տեղեկացնել, որ դրամահավաքի արդյունքում հավաքագրվել է անհրաժեշտ 680,000 ՀՀ դրամը։
Դավիթի հայրիկի փոխանցմամբ՝ երեխան ակտիվ է, խաղում է, լավ սնվում և ուրախանում։ Նա արդեն սկսել է ձայնային արձագանքներ դրսևորել և մեծ հաճույքով խաղում է իր խաղալիքներով։
Դավիթի համար դրամահավաքն իրականացվել է «Շտապիր դեպի բարին» բարեգործական հիմնադրամի և IMAST app-ի համագործակցությամբ։ Այս համագործակցության շնորհիվ հնարավոր է դարձել համախմբել մարդկանց մեկ կարևոր նպատակի շուրջ և աջակցել Դավիթին առողջական խնդիրների պատճառները բացահայտելու ճանապարհին։
Մեր խորին շնորհակալությունն ենք հայտնում IMAST app-ին՝ նախաձեռնությանն աջակցելու և համագործակցության համար, ինչպես նաև բոլոր այն մարդկանց, ովքեր իրենց նվիրատվությամբ ու հոգատարությամբ մասնակից դարձան Դավիթին աջակցելու գործին։